«Կանաչ լույս» դեպի Ֆրանսիա` հայ ուսանողների և մասնագետների համար

27.02.2017, 20:43
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ միգրացիոն գործընկերության մասին` 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստորագրած համաձայնագիրը։
«Կանաչ լույս» դեպի Ֆրանսիա` հայ ուսանողների և մասնագետների համար
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ միգրացիոն գործընկերության մասին` 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստորագրած համաձայնագիրը։

Ինչպես նշել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, առաջին անգամ եվրոպական երկրի հետ սահմանվում են խաղի այնպիսի կանոններ, որոնք թույլ են տալիս առանձին քաղաքացիներին մուտք գործել և գտնվել Ֆրանսիայում ավելի արտոնյալ պայմաններով, քան սովորական քաղաքացիներին։

«Խոսքն ուսանողների, սովորողնարի, մասնագիտական պրակտիկա, ստաժավորում անցնող անձանց, 18-35 տարեկան երիտասարդ մասնագետների, բարձրակարգ մասնագետների մասին է։ Դա թույլ կտա սովորել և աշխատել Ֆրանսիայում ոչ թե օտարերկրացիների համար նախատեսված սովորական միգրացիոն ռեժիմով, այլ դյուրացված ձևաչափով»,– ասաց Եգանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի քաղաքացիների այդ կատեգորիայի համար չեղյալ է հայտարարվում բնակության իրավունք ստանալու պահանջը։ -0-