ՀՀԿ–ն ինտենսիվ աշխատանքային ռեժիմում է. ուրբաթ կանցկացվի ԳՄ նիստ

24.11.2016, 10:51
Վերջին օրերին Հայաստանի հանրապետական կուսակցությունն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով:
ՀՀԿ–ն ինտենսիվ աշխատանքային ռեժիմում է. ուրբաթ կանցկացվի ԳՄ նիստ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին Հայաստանի հանրապետական կուսակցությունն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով, գրում է «Հրապարակ» թերթը։ Ըստ պարբերականի, առաջիկա ուրբաթ կուսակցության ԳՄ նիստ կանցկացվի։

Նախորդ ԳՄ-ում որևէ կարևոր հարց չի քննարկվել: Քննարկվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների հարցը, հաստատվել է, որ կմասնակցի 1790 կուսակցական:

«Հյուրեր կլինեն Ռուսաստանից, պատվիրակությունը կղեկավարի Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: ԵԺԿ նախագահը տեսաուղերձով կդիմի համագումարին, չինական կողմը՝ նույնպես»,– գրում է թերթը։

ԳՄ նիստում ներկայացվել են նաև ՀՀԿ կանոնադրության փոփոխությունները, որոնք առանցքային չեն։ Մասնավորապես, հանվել են Տիգրան Թորոսյանի ժամանակ գրված պրեամբուլայի որոշ դրույթներ, հիմնականում՝ հոգևոր ուղղվածության։

Ինչպես նշում է պարբերականի աղբյուրը, հավանականություն կա, որ ուրբաթ օրվա նիստում թե ՀՀԿ անդամագրման, թե ԳՄ թվակազմի խնդիրները համագումարից ժամեր առաջ վերջնականապես պարզ կլինեն»։

Ինչ վերաբերում է համագումարի բուն ընթացքին, ապա այն կանցնի մի քանի նիստով` օրակարգում կլինեն Սերժ Սարգսյանի հաշվետվությունը, կանոնադրության, ծրագրային փոփոխությունները և, իհարկե, ԳՄ անդամների ընտրության հարցը: -0-