ՀՀ վարչապետի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի միջև առանձնազրույց է ընթանում

09.02.2026, 18:06
ՀՀ վարչապետը Բաղրամյան 26-ում դիմավորել է ԱՄՆ փոխնախագահին
 ՀՀ վարչապետի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի  միջև առանձնազրույց է ընթանում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետը Բաղրամյան 26-ում դիմավորել է ԱՄՆ փոխնախագահին։

Փաշինյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»,- սոցցանցի էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Հայաստան և Ադրբեջան Վենսի գլխավորած ամերիկյան պատվիրակության այցի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների առաջմղումն է և TRIPP նախագծի աջակցությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վենսի այցի ընթացքում կարձանագրվեն նոր զարգացումներ, որոնք թույլ կտան ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտներում:

Նշենք, որ Վենսը երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։