ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

19.02.2026, 12:27
Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից
ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից:

Նշվում է, որ հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։

Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Այն մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։

Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։

Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։

Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․

- օգտագործել հակամիջատային ցանցեր

- կրել փակ, երկարաճիտք հագուստ

- օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր

Կենտրոնից հիշեցնում են, որ վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են Չիկունգունիա տենդի բռնկումներ։

Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ՝ վարակաբանի։