Հայաստանում ավիատոմսերի գներն առաջիկայում կնվազեն. ՔԱԳՎ

27.04.2017, 14:26
Առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը:
Հայաստանում ավիատոմսերի գներն առաջիկայում կնվազեն. ՔԱԳՎ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը և ծառայությունների որակի բարձրացմանը, հայտարարեց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը:

Հինգշաբթի Երևանում մեկնարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը:

«Չեմ կարող հստակ նշել, թե երբ կկնքվի համաձայնագիրը, սակայն հույս ունենք, որ դա կարվի հնարավորինս արագ: Համաձայնագրի ստորագրումը կբարձրացնի ոլորոտում մրցակցությունը, ինչն էլ իր հերթին պայմաններ կստեղծի աշխարագրական բազմազանության, ավիատոմսերի գների նվազման և ավիաընկերությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման համար», - ասաց Ավետիսյանը` պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ոլորտի ազատականացմանը միանգամից բոլոր եվրոպական ավիափոխադրողների համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանում ավիաընկերությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի մշակմանը:

Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը, իր հերթին, նշեց, որ Եվրամիության և այլ երկրների միջև նմանատիպ համաձայնագրերի ստորագրումը զգալի արդյունքմերի է հանգեցրել և շահավետ է եղել կողմերի համար:

«Արդյունքում ավիաշուկայում ավելի շատ խաղացողներ են հայտնվում, գրանցվում է ուղևորահոսքի աճ, գների նշանակալի նվազում: Դա նպաստում է երկրների միջև ավելի մեծ ինտեգրմանը և ոլորտի զարգացմանը», - ասաց Գեյլը:

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ևս մեծ նշանակություն տվեց բանակցությունների մեկնարկին, որոնց շնորհիվ Հայաստանը մեծ ավիաընտանիքի մաս կդառնա:

«Հուսով եմ, որ դա կհանգեցնի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Երկիրն ավելի հասանելի ուղղություն կդառնա, ինչը կբարձրացնի նրա գրավչությունը», - ասաց Սվիտալսկին:

ԵՄ-ի տրանսպորտի, հեռահաղորդակցությունների և էներգետիկայի խորհուրդը 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Հայաստանը ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքին միանալու շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի մանդատին:

Հայաստանի ավիացիոն շուկայի համար այս համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի, քանի որ նախատեսում է ավիացիոն շուկայի բացության և ազատականացման որոշակի մակարդակ: Համաձայնագրին միանալու արդյունքում, Հայաստանի և ԵՄ-ի 28 երկրների միջև կգործի ավելի ազատականացված ավիացիոն ռեժիմ: Դա նշանակում է եվրոպական ավիացիոն շուկայի հետ ինտեգրում, հայ գործարարների ելքը արտաքին շուկաներ։

Արևելյան համագործակցության անդամ-երկրներից համընդհանուր ավիացիոն տարածքին միացել են արդեն Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: -0-