Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

01.10.2026, 21:15
Արսեն Արմենակյանը նաև արժանացել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակցի՝ «Best of Nation» մրցանակին
Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «WorldSkills Shanghai 2026» («Աշխարհի հմտություններ») միջազգային մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի մասնագիտական կրթության պետական քոլեջի շրջանավարտ Արսեն Արմենակյանը` փորձագետ-մարզիչ Արբի Ղարախանիի գլխավորությամբ, «Խոհարարություն» հմտության շրջանակում արժանացել է «Գերազանցության մեդալի»։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սա «Աշխարհի հմտություններ» մրցույթներում Հայաստանի ազգային թիմի մասնակցության (մասնակցել է 6 անգամ) պատմության ընթացքում առաջին մեդալային նվաճումն է։

Արսեն Արմենակյանը նաև արժանացել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակցի՝ «Best of Nation» մրցանակին։

Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) 48-րդ մրցույթին Հայաստանը մասնակցել է ազգային թիմով՝ երեք հմտության ուղղությամբ՝ «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում» և «Նորաձևության տեխնոլոգիա»։

Բարձր արդյունքներ են գրանցել նաև Հայաստանի թիմի մյուս մասնակիցները։ «Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մասնակից, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սովորող Արամայիս Հայրապետյանին «Գերազանցության մեդալից» բաժանել է ընդամենը 14 միավոր, իսկ «Նորաձևության տեխնոլոգիա» հմտության մասնակից, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի սովորող Լուիզա Զաքարյանին՝ 37 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը կատարվել է ազգային մրցույթի արդյունքներով:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ` Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը մրցույթին կարևոր է ոչ միայն մասնակիցների և փորձագետների մրցակցային արդյունքների, այլև միջազգային մասնագիտական համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում նոր մոտեցումների ուսումնասիրման տեսանկյունից։

«Աշխարհի հմտություններ» միջազգային կառույցին Հայաստանն անդամակցում է 2012 թվականից՝ ի դեմս ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), որն էլ համակարգում է անդամակցության և դրանից բխող գործառույթների իրականացումը:

Մրցույթի շրջանակում Հայաստանը ներկայացված է եղել նաև պաշտոնական պատվիրակության մակարդակով։ ԿԳՄՍ նախարարության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը մասնակցել է որպես պաշտոնական դիտորդ։

WorldSkills Shanghai 2026-ի շրջանակում անցկացվել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող եռօրյա կոնֆերանս, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հմտությունների զարգացման, կրթական գործընթացներում արհեստական բանականության ազդեցության, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման և ՄԿՈՒ ոլորտին առնչվող այլ հարցերի։

Կարդացեք նաև․ Ֆրանսիայում լույս կտեսնի հայ հեղինակների՝ հայկական խոհանոցին նվիրված գիրքը