Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել

24.07.2017, 21:13
Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։
Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։

2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական գործեր են հարուցվել հակառակորդի կողմից գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Загружается новость ... "Право"

Ըստ հաղորդման, կրակոցներ են արձակվել Չինարի գյուղի գերեզմանատանը գտնվող անչափահասի՝ 2000թ. ծնված բնակչի ուղղությամբ, ով հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար թաքնվել է քարի հետևում և շուրջ 2 ժամ մնացել այնտեղ:

Տևական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետևանքով ոչնչացվել և վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը։ Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն դրամ։

Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է 5 քրեական գործ. 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 13-րդ կետով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը` հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), ևս 1-ը՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վնասված, ոչնչացված գույքի սեփականատերերը ճանաչվել են տուժող։ -0-