Ֆիլիպ Կիրկորովը կոչ է արել իշխանություններին՝ դադարեցնել Սամվել Կարապետյանի և եկեղեցու հանդեպ հետապնդումները (ՎԻԴԵՈ)

27.06.2025, 15:48
Երգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հանդես է եկել Սամվել Կարապետյանին սատարող տեսաուղերձով․ ՎԻԴԵՈ
Ֆիլիպ Կիրկորովը կոչ է արել իշխանություններին՝ դադարեցնել Սամվել Կարապետյանի և եկեղեցու հանդեպ հետապնդումները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Instagram-յան էջում երգիչ Ֆիլիպ Կիրկորովը տեսանյութ է հրապարակել՝ հանդես գալով գործարար Սամվել Կարապետյանին սատարող կոչով։

«Իմ շատ լավ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի հետ շատ վատ դեպք է կատարվել այն պատճառով, որ նա նեցուկ է կանգնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ողջ հավատավոր հայ ժողովրդի եկեղեցուն։ Նրան ազատազրկել են բացարձակապես անհեթեթ և շինծու մեղադրանքներով»,- ասում է նա։

Նա նաև դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով ամենահին պատվիրաններից մեկում գրված ամենակարևոր բարոյական սկզբունքի մասին. «Մի՛ սուտ վկայիր քո մերձավորի դեմ»՝ ավելացնելով, որ Սամվել Կարապետյանը միշտ հարգանքով և նվիրվածությամբ է վերաբերվել իր հայրենքին։

«Մարդ, ով անձնապես հովանավոր է եղել սոցիալական նշանակության այն նախագծերին, որոնք ներկայացվել են անհատների կողմից։ Նա երբեք ցանկություն չի հայտնել ներգրավել քաղաքական գործընթացներում։ Խնդրում եմ իշխանություններին հետ կանգնել այդ ճանապարհից , չհարձակվել Հայաստանի հոգևորականության և հարգված անձանց վրա և զբաղվել այն գործով, որն ավելի կգեղեցկացնի Հայաստանը»,-ասել է Ֆիլիպ Կիրկորովն իր Instagram-յան էջում։

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին

 «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։   Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։

«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։  

Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։

Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։

Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր  ներկայացրել դատարան:  

Հունիսի 18-ին դատարանը բավարարել է  գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։

Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում