ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում. ԵՏՀ նախագահ

13.04.2016, 17:06
ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում:
ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում. ԵՏՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում, հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պայմանավորվեցինք, որ Երևանում միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ մենք կվերադառնանք նավթի և նավթամթերքի մեկ ընդհանուր շուկայի ստեղծման հայեցակարգի հարցի քննարկմանը», - լրագրողներին ասաց Սարգսյանը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Սարգսյանը, խոսելով ԵՏՄ միջկառավարական խորհդրի` այսօր կայացած նիստի արդյունքների մասին, նշեց, որ նիստի ժամանակ հաստատվել են Եվրամիության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ ԵՏՄ–ի գործակցության զարգացմանը վերաբերող ռազմավարական հիմնական հարցերը։

Նրա խոսքով, հարցերի մեկ այլ հատված կապված էր Խորհրդի արդյունաբերական քաղաքականության հետ: Քննարկվել են նաև ԵՏՀ գործունեության հետ կապված տեխնիկական նրբություններ:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկեց ԵՏՄ խորհրդի պետությունների ղեկավարներին ավելի հաճախ անցկացնել իրենց հանդիպումները:

«Մենք մինչև վերջ չենք կատարում ավելի հաճախ հանդիպելու մեր խոստումները: Մենք պայմանավորվել էինք, որ կհանդիպենք երկու ամիսը մեկ անգամ, սակայն ստացվում է ավելի հազվադեպ, իսկ օրակարգը ընդլայնվում է: Դա լավ չէ, հարկավոր է օպերատիվ շփումներն անցկացնել ավելի հաճախ», - հայտարարեց նա ԵՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԵՏՄ վարչապետերի գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին Երևանում, չեղարկվել էր ղազախստանյան կողմի նախաձեռնությամբ: Աստանայի կարծիքով, Երևանում գագաթնաժողովին մասնակցությունը կարող էր ընկալվել որպես ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին աջակցություն: Պաշտոնական Երևանը կարծում է, որ այս քայլը խաթարեց կազմակերպության հեղինակությունը: -0-