Երևանում յուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը վճարովի է լինելու

14.01.2026, 15:45
Երևանում յուրաքանչյուր անձի համար տարեկան անվճար կլինի շտապօգնության 8 կանչ
Երևանում յուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը վճարովի է լինելու

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում շտապբուժօգնության կանչերի սպասարկման գործընթացում հունվարից փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես, այլևս բոլոր կանչերն անվճար չեն սպասարկվելու։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ յուրաքանչյուր անձի համար տարեկան անվճար կլինի 8 կանչ, հաղորդում է «Արմենպրեսը»։

«Այսինքն՝ պետության կողմից երաշխավորված անվճար կլինի յուրաքանչյուր անձի համար 8 կանչ, իսկ արդեն 9-րդ կանչը կլինի վճարովի։ Կանչի գինը 10 հազար դրամ է։ Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն, հրազենային վնասվածք, այլ արտակարգ դեպքեր, սակայն մնացած դեպքերում լինելու է վճարովի», – ասել է Ռուբեն Գրիգորյանը։

Բուժանձնակազմն ունենալու է անհրաժեշտ սարքավորումներ, որպեսզի վճարումը հնարավոր լինի կատարել տեղում։

Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ 8 կանչից ավելի դեպքերը վերաբերում են քրոնիկ հիվանդներին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանչերի 99 տոկոսի դեպքում յուրաքանչյուր անձ տվել է մինչև 8 կանչ։ Դրանից ավելի կանչեր կատարած անձանց տոկոսը շատ քիչ է կազմում։

«Կարծում եմ, որ ճիշտ որոշում է, որովհետև 20-30 անգամ կանչ տվող անձը բուժհաստատությունում բուժման կարիք ունի։ Նման կանչերի պատճառով իրական հրատապ օգնություն պահանջող կանչերն ուշանում են։ Ես կողմ եմ սահմանափակմանը» – ասել է Ռուբեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ քաղաքացիներն արդեն տեղեկացված են 8-ից ավելիի դեպքում կանչերի վճարովի լինելու մասին։

Ամփոփելով 2025 թվականի աշխատանքները՝ Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ նախորդ տարի սպասարկել են 307 հազար կանչ, որը 2024 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով։

Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ այդ աճը պայմանավորված է Երևանում բնակիչների թվի ավելացմամբ։

Չնայած նախորդ տարվա ծանրաբեռնվածությանը, 2026 թվականի առաջին օրերը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվը նվազել է։ Տոնական օրերին նկատելի նվազել են թունավորումների, ալկոհոլի չարաշահումների դեպքերը։ Ռուբեն Գրիգորյանը նկատեց, որ քաղաքացիներն այդ առումով ավելի իրազեկ են դարձել։

Նախորդ տարի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ունեցել է կարևոր ձեռքբերում։ Մասնավորապես, ձեռք է բերել նոր մեքենաներ լիզինգային ծրագրով։ Մեքենաները հագեցած են սարքավորումներով, ունեն նաև էլեկտրական անվասայլակ, որը նախկինում չի եղել։

«Սա շատ կարևոր ձեռքբերում է։ Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդին պառկած տեղափոխելը հակացուցված է, անհրաժեշտ է նստած դիրքով ու դրա համար չենք ունեցել անհրաժեշտ սարքավորում։ Այս նոր սարքավորումը էլեկտրական է ու նախատեսված տարբեր քաշային պացիենտների համար», – ասել է Ռուբեն Գրիգորյանը։

2026 թվականին ընկերությունը նախատեսում է կրկին նոր մեքենաներ ձեռք բերել, դրանից բացի կբարձրացվեն աշխատողների աշխատավարձը։