Երևանում ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնության կատարած երկու քաղաքացի

20.04.2018, 18:00
Քրեական գործը վարույթ է ընդունվել։
Երևանում ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնության կատարած երկու քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քրեական գործի տվյալների համաձայն, ապրիլի 18-ին ժամը 12.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 34 հասցեի մոտակայքում բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների նկատմամբ։

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ)։

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։ Տուժողների ցուցմունքների համաձայն՝ դեպքի օրը, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, փորձել են բերման ենթարկել հակաիրավան վարքագիծ թույլ տված անձին, ինչի ժամանակ մի քանի հոգի հարձակվել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով իրենց մարմնի տարբեր մասերին։
Կատարված քննությամբ պարզվել է բռնությանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ -0-