Երևանի տրանսպորտային համակարգը հարմարեցված չէ սահմանափակ կարողություններով մարդկանց համար

02.08.2017, 19:44
Սահմանափակ կարողություններով մարդիկ մի շարք խնդիրների են բախվում Երևանում տրանսպորտով փոխադրվելիս:
Երևանի տրանսպորտային համակարգը հարմարեցված չէ սահմանափակ կարողություններով մարդկանց համար
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանափակ կարողություններով մարդիկ մի շարք խնդիրների են բախվում Երևանում տրանսպորտով փոխադրվելիս, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ելք» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Բատոյանը։

«Երևանում այսօր գործում է 668 քաղաքային ավտոբուս, որոնցից միայն 25–ում է վերջին տարիներին տեղադրվել հատուկ լիֆտեր` սահմանափակ կարողություններով մարդկանց համար։ Սակայն այսօրվա դրությամբ աշխատում է դրանցից միայն 7–ը, 18–ն անսարք են։ Երկու տարվա ընթացքում հաշմանդամների համար տարեկան հարմարեցվել է 10 ավտոբուս, բայց 2016 թվականին այդ թիվը կրճատվել է մինչև 5–ը»,– ասաց Բատոյանը։

Նրա խոսքով, Երևանում գործող 41 երթուղուց սահմանափակ կարողություններով մարդիկ կարող են օգտվել միայն երեքից։

«Քաղաքապետարանի վերջին նիստում ինձ համոզում էին, որ սեպտեմբերին հատուկ լիֆտերով բոլոր 25 ավտոբուսները կաշխատեն։ Սակայն նույնիսկ դա բավարար չի լինի` սահմանափակ կարողություններով մարդկանց փոխադրման պայմանները որոշակի չափով բարելավելու համար»,– ընդգծեց Բատոյանը։

Загружается новость ... "Право"

Քաղաքի տրանսպորտային համակարգի երկրորդ լուրջ խնդիրը, ըստ Բատոյանի, թիրախային լսարանի ցածր իրազեկվածությունն է, այն չի տիրապետում հարմարեցված ավտոբուսների առկայության մասին անհրաժեշտ տեղեկությանը։

«Գոյություն չունեն հատուկ երթուղային ցուցակներ, որոնցով մարդը կարող է իմանալ, թե որ ավտոբուսը որ երթուղով է շարժվում և որտեղ է կանգնում։ Գոյություն ունի միայն թեժ գիծ, սակայն ես անձամբ մի քանի անգամ զանգահարել եմ այդ համարով, բայց ինչ ոչ մի անգամ չեն պատասխանել»,– ասաց նա։

Բատոյանի խոսքով, սահմանափակ կարողություններով մարդիկ խնդիրների են բախվում նաև կանգառներում, որովհետև Երևանի 834 կանգառներից 350–ն ունեն կանգառային սրահներ, բայց ոչ մեկը հարմարեցված չէ սայլակներով տեղաշարժվողների համար։

«Ես Երևանի քաղաքապետարանին ներկայացրել եմ փաթեթ, որով առաջարկում եմ տարեկան ավելացնել սահմանափակ կարողություններով մարդկանց համար հարմարեցվող ավտոբուսների թիվը, մինչև 50։ Մեծ ծախսերի մասին խոսք չկա` մեկ ավտոբուսի վերազինմանը հատկացվում է 4 մլն դրամ։ Առաջարկել եմ նաև ստեղծել հարմարեցված ավտոբուսների աշխատանքային երթուղային ժամանակացույց»,– ավելացրեց նա։ -0-