Երեկ ստորագրված փաստաթղթերը մեծ ներդրում են ենթադրում Հայաստանի համար․ ԱՄՆ փոխնախագահ

10.02.2026, 20:02
Համաձայնությունների արդյունքներից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է
Երեկ ստորագրված փաստաթղթերը մեծ ներդրում են ենթադրում Հայաստանի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ ստորագրված և ներկայումս դեռևս քննարկվող փաստաթղթերը մեծ ներդրում են ենթադրում Հայաստանի համար՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կնքած համաձայնությունների շնորհիվ։ 

Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

Փոխնախագահի խոսքով՝ այդ համաձայնությունների արդյունքներից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է։ 

«Կարծում եմ՝ այն արդեն մեկնարկել է: Տվյալների կենտրոնում ընդհանուր ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի»,- ասել է Վենսը։ 

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ Հայաստանում արդեն իսկ տեսանելի են զգալի ներդրումներ, և իրենք ակնկալում են, որ դրանք կշարունակվեն։