Ենիգոմշյանը հնչեցրել է ոստիկանության շենքը զավթած խմբի երկու պայմանը

27.07.2016, 17:01
«Սասնա ծռեր» խմբի անդամները երկու պայման են հնչեցրել, հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։
Ենիգոմշյանը հնչեցրել է ոստիկանության շենքը զավթած խմբի երկու պայմանը
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի անդամները երկու պայման են հնչեցրել, հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։

«Առաջին պահանջը ՊՊԾ գնդի տարածքում գտնվող վիրավորների անհրաժեշտ բուժօգնության ապահովումն է։ Տղաները պահանջում են, որ ՊՊԾ տարածքում բժիշկների հերթափոխով բրիգադ աշխատի»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ենիգոմշյանը։

Նա ընդգծեց, որ «Սասնա ծռեր»–ի անդամների երկրորդ պայմանը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումն է։

«Պատգամավորները պետք է ուժային կառույցներից տղաներին այցելելու թույլտվություն պահանջեն»,– ավելացրեց Ենիգոմշյանը։

Նա նշեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչու են ցանկանում խմբի անդամները հանդիպել պատգամավորների հետ։ Ենիգոմշյանի ենթադրությամբ, դա կապված է նրա հետ, որ պատգամավորները ժողովրդի ներկայացուցիչներն են։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ Երևանի ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել բժիշկների: 

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-