ԵՄ-ն տարածքների ականազերծումից հետո Հայաստանում 3 սահմանային անցակետ կկառուցի. Մարագոս

08.07.2026, 19:02
ԵՄ-ն  նախատեսում է Հայաստանում 3  սահմանային անցակետ կառուցել, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը
ԵՄ-ն տարածքների ականազերծումից հետո Հայաստանում 3 սահմանային անցակետ կկառուցի. Մարագոս

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ընդ որում, այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը»,- չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Մարագոսը։ Նրա խոսքերը մեջբերում է «Արմենպրես»-ը։

Նա անդրադարձել է նաև Եվրոպական միության կողմից Հայաստանին փոխանցված ականազերծման հեռակառավարվող մեքենային։ Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ մեքենան օգտագործվելու է միայն սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովման, թե՞ նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, Մարագոսն ասել է, որ այն նշանակություն կունենա երկու ուղղություններով էլ։

«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն հանձնառություն ենք ստանձնել կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ նախագծի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որը թույլ կտա սկսել այդ կարևոր շինարարական աշխատանքները»,- ասել է Մարագոսը։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։