Բեռնատարների վարորդները փակել են հայ–վրացական բոլոր անցակետերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բեռնատարների վարորդները փակել են երթևեկությունը հայ-վրացական բոլոր երեք անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում։
Վարորդները բեռնատար մեքենաներով փորձում են կաթվածահար անել երթևեկությունն, ասում են՝ «եթե ՌԴ-ն տարվա մեջ 90 օր է թույլատրում իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չեն տա, որ օտարերկյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի», հայտնում է «Ազատություն» ռ/կ–ն։
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են շարունակական խնդրից և պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները կատարեն իրենց խոստումը այս հարցում և զբաղվեն Ռուսաստանում աշխատող միգրանտների՝ երկրում մնալու տևողության ներկայիս սահմանափակման խնդրով (տարեկան 180 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր): Սա լրջորեն խոչընդոտում է հայկական բեռնատարների վարորդների աշխատանքին: Խնդիրն այն է, որ 90 օրվա սահմանաչափն արագ լրանում է և բեռնատարների վարորդները ներառվում են խախտողների ռեեստրում, տուգանվում և արտաքսվում են ՌԴ–ից։
Այսօր ավելի վաղ բեռնատարների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել նախ կառավարության, հետո էլ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ։
ՌԴ–ում միգրացիոն օրենսդրության նոր սահմանափակումների մասին
2025 թվականի հունվարի 1-ից առանց վիզայի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակներով, կարող են Ռուսաստանի Դաշնությունում մնալ ոչ ավելի, քան 90 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում (նախկինում՝ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում): Այս սահմանափակումը վերաբերում է բեռնատարների և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդներին, ինչպես նաև օդաչուներին, բորտուղեկցորդներին, ինքնաթիռների սպասարկման անձնակազմին, գնացքավարներին և այլոց:
Այս կանոնակարգը խախտած օտարերկրացիները մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեին Ռուսաստանի Դաշնությունում իրենց բնակության կարգավիճակի հարցը լուծելու և վարչական տուգանքներից խուսափելու համար: Տուգանքները ներառում են մուտքի երեք տարվա արգելք (կացության ժամկետը 90-180 օրով գերազանցելու համար), հինգ տարվա արգելք (կացության ժամկետը 180-270 օրով գերազանցելու համար) և տասը տարվա արգելք (կացության ժամկետը 270 օրով գերազանցելու համար):
Վերջին մեկ ամսվա ընթացքում վերահսկողությունը խստացվել է, ինչի հետևանքով տասնյակ հայ վարորդներ ընդգրկվել են խախտողների հատուկ ռեեստրում։
Տեսանյութը՝ հետևյալ հղումով

