«Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում». Արմեն Սարգսյանը պատասխանել է սյունեցիների հարցերին (ՎԻԴԵՈ)

08.07.2019, 15:47
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Քարահունջ համայնք
«Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում». Արմեն Սարգսյանը պատասխանել է սյունեցիների հարցերին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Քարահունջ համայնք, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։

Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն ասել է. «Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Անկախ նրանից՝ ինչքան իրավասություն ունես, եթե լավ ես անում՝ լավ է, եթե վատ ես անում՝ վատ է։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ։ Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս»:

Նա նշել է, որ այդ նույն Սահմանադրության սահմաններում աշխատելով՝ բավականին բան կարելի է անել։


«Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակը՝ ունենալ մեկը և այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարևորը՝ հասնես նպատակին։ Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ երկիրը բարգավաճ լինի, երեխաներն ուրախ լինեն, ես էլ իմ փոքր ներդրումն ունենամ իմ հնարավորությունների սահմանում»,- ավելացրել է նախագահը:

Հայաստանի ապագայի մասին հարցին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը փայլուն ապագա ունի. «Նայեք այս երեխաներին, և ամեն ինչ պարզ կլինի։ Մեր պարտականությունն է նրանց համար հնարավորություններ ստեղծել»,- եզրափակել է նա: -0-