Երևանում 6–րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտվել է (ՖՈՏՈ)

04.11.2019, 14:27
Երևանում 6–րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտվել է:
Երևանում 6–րդ հարկից ընկած փոքրիկի բուժումն ավարտվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինի բուժումն ավարտվել է։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ 

Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:

«Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից», – նշվում է Դերձյանի գրառման մեջ։ 

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: 

«Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված: Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին», – նշված է գրառման մեջ: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին:–0–