Վեթինգի ենթարկող մարմինը լինելու է ԲԴԽ–ն, որը հիմա վերակազմավորման փուլում է. ԶԼՄ

19.06.2019, 10:54
ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել:
Վեթինգի ենթարկող մարմինը լինելու է ԲԴԽ–ն, որը հիմա վերակազմավորման փուլում է. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթինգի նախագիծ մշակել` ներգրավելով նաև տարբեր փորձագետների, գրում է «Ժողովուրդը»:

Օրաթերթի տեղեկություններով` վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց նախագիծը գրեթե պատրաստ է և առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Հանձնաժողովի «Իմ քայլ»-ական անդամներից շատերը երեկվա դրությամբ դեռևս տեղյակ չէին` վեթինգի նախագիծը պատրաստ է, թե ոչ, սակայն, թերթի տեղեկություններով, կառավարությունը նպատակ ունի մինչև հուլիս ներկայացնել նախագիծը, որն արդեն մինչ հուլիսի 10-15-ը կընդունվի առաջին ընթերցմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեթինգի ենթարկող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը հիմա վերակազմավորման փուլում է:

«Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների վկայությամբ` մինչև դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել: Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթինգի ենթարկեն դատավորներին և ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները», – գրում են հոդվածի հեղինակները։–0–