Շանթ Հարությունյանի որդին վանդալիզմի ակտ է կատարել Երևանում Գրիբոյեդովի արձանի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
«Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը», – գրել է նա Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկար։
Ավելի ուշ Facebook–ում ուղիղ եթերում նա հայտարարել է, որ արել է դա` ելնելով «ակն ընդ ական, ատամն ընդ ատամամ» սկզբունքից։ Նա իր քայլը բացատրել է իշխանությունների անգործությամբ։
«Ես արել եմ դա դեկտեմբերի 2–ին` Հայաստանի բոլշևիկացման օրն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքու կատարած այցի օրը», – ասել է Շահենը` նշելով, որ «Նժդեհի «ցեղակրոն» գաղափարախոսությունն իր համար պարզապես խոսքեր չեն»։
Ո՞վ է Շանթ Հարությունյանը
2013թ.–ի նոյեմբերի 5–ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու նրա համակիրները կազմակերպել էին երթ Երևանի Ազատության հրապարակում, ինչի ժամանակ տեղի ունեցան բախումներ երթի մասնակիցների և ոստիկանության միջև։
Հարությունյանն ու նրա համախոհները կալանավորվեցին և դատապարտվեցին ազատազրկման։ Այդ գործով դատապարտվեց 14 մարդ։ 2018թ.–ի նոյեմբերին Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։
Գրիբոյեդովի մասին
Ալեքսանդր Գրիբոյեդովը ռուս գրող է բանաստեղծ, դրամատուրգ , դիվանագետ, «Խելքից պատուհասը» կատակերգության հեղինակ։
Հայրենական պատերազմի ժամանակ Գրիբոյեդովն ինքնակամ անցնում է ծառայության։ 1818թ.–ին նա նշանակվում է ռուսական դիվանագիտական առաքելության քարտուղար և գործուղվում Պարսկաստան։ Երեք տարի ծառայությունից հետո տեղափոխվում է Վրաստան։ 1828թ.–ին Գրիբոյեդովը որպես դեսպան գործուղվում է Իրան։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը գազանաբար սպանվում է մոլեռանդ մահմեդականների խառնամբոխի ձեռքով Թեհրանում գտնվող դեսպանատան շենքում, որտեղ թաքնվում էին հայ փախստականները, ովքեր որոշել էին հեռանալ Պարսկաստանից և վերադառնալ Ռուսական կայսրություն։ Պարսիկ մեծատոհմիկների խոսքերով, այդ օրը դեսպանաատան մոտ գտնվում էր մոտ 100 հազար մարդ, ովքեր պահանջում էին, որպեսզի իրենց հանձնեն հայերին։ Ստանալով մերժում` մոլեռանդ ամբոխը ներխուժում է դիվանագիտական առաքելության շենք, սակայն ուժերը հավասար չէին, մահանում են բոլոր դիվանագետները, այդ թվում` Ալեքսանդր Գրիբոյեդովը։–0–
