Փաշինյանն ու Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը:
Այսօր Հայաստանն ու Արցախը ոգեկոչում են նախորդ տարի սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի կողմից սանձարզերծած 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը։
2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի դեմ իրականացրեցին ագրեսիա ռազմաճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային սպառազինության, ծանր զրահատեխնիկայի, մարտական ավիացիայի և արգելված զինատեսակների (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) կիրառմամբ: Հաւրվածներ հասցվեցին, այդ թվում՝ Հայաստանի տարածքի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին:
2020 թ. նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հայտարարություն ստորագրեցին Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Ըստ փաստաթղթի, կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա: Ադրբեջանին են անցնում Շուշիի, Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջանները՝ բացառությամբ Ղարաբաղը Հայաստանին կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով, և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ անձանց,ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում, ինչը, սակայն, Ադրբեջանը մինչև հիմա չի կատարում: Ադրբեջանում են պահվում բազմաթիվ հայ գերիներ։
2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում ստորագրեցին համատեղ հայտարարություն ՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը:-0-