Փաշինյանը հայտնել է, թե որ հատվածում է տեղի ունենալու Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջապես հարևանությամբ:
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Երևանում կայացած համատեղ հայտարարության ժամանակ։
«Այսօր, բնականաբար, չենք շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի Կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրել եմ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջապես հարևանությամբ», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, Կոբախիձեի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել են, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրեն: