Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվում է «Թեժ գիծ»

26.05.2024, 14:16
911 հեռախոսահամարը հայտարարվում է «Թեժ գիծ» տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվում է «Թեժ գիծ»
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է «Թեժ գիծ»։

Նշենք, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք ավերածություններ են առաջացել։ Դեբեդ գետի վարարման հետևանքով հեղեղվել է Մ–6 միջպետական ճանապարհը, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, նախնական տվյալներով կա 1 զոհ։
Բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների վերաբերյալ։ Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր: Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետի հետևանքով փլուզվել են մի շարք կամուրջներ։ Մասնավորապես, ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ Տարհանվել է 232 քաղաքացի։