«Նախկինի վերադարձը». ԱԺ–ն ընտրեց ԲԴԽ անդամներին, չնայած քաղաքացիների բողոքներին ու ընդդիմության բոյկոտին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավորներն ուրբաթ «կողմ» քվեարկեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի և Գագիկ Ջհանգիրյանի (նախկինում զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի, զինվորական դատախազի պաշտոնները, եղել է ԱԺ պատգամավոր) նշանակմանը։
Երկու թեկնածություններն էլ առաջադրվել են «Իմ քայլի» կողմից։ Արտահերթ նիստի ժամանակ կայացավ քննարկում, այնուհետև` փակ քվեարկություն։
Խորհրդարանի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 89 պատգամավոր։ Ջհանգիրյանի նշանակմանը «կողմ» քվեարկեց 86 պատգամավոր, Խաչատուրյանի նշանակմանը` 85 պատգամավոր։ Երկու թեկնածուներն էլ ստացան 3–ական «դեմ» ձայներ։
Երկու ընդդիմադիր խմբակցությունները` «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեցին քվեարկությանը` հայտարարելով, որ քաղաքական նպատակահարմարություն չեն տեսնում այլ փուլում քվեարկել ԲԴԽ անդամների համար, ավելին` որ կան վերապահումներ թեկնածուների հարցում։
«Լուսավոր Հայաստանը» հիմնավորեց իր բոյկոտը նրանով, որ հնարավորություն չի տեսնում ազդել իշխող խմբակցության պատգամավորների որոշման վրա, քանի որ նրանք հիմնվում են միայն մեկ մարդու որոշման վրա։
Առավոտյան նիստի մեկնարկից առաջ ԱԺ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի ակցիա` ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի ընտրության դեմ։ Ցուցարարները նշում են, որ Ջհանգիրյանը չի համապատասխանում ԲԴԽ անդամի նկատմամբ նվազագույն պահանջներին, որոնք նշված են Դատական օրենսգրքում, մասնավորապես` տարիքային սահմանափակումներին։–0–