Մյուռոնի օրհնության արարողությունը՝ Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում (ՈւՂԻՂ)

28.09.2024, 17:35
Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը․ ՈւՂԻՂ
Մյուռոնի օրհնության արարողությունը՝ Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի է ունենում Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Մյուռոնի օրհնության կարգը սկսվում է դեռևս Դ-րդ դարից, սակայն որևէ տեղեկություն չունենք, թե Ս․ Գրիգոր Լուսավորիչը և նրա հաջորդները ինչպես են այն օրհնել։ 

Դարերի ընթացում Ամենայն Հայոց Հայրապետները Մյուռոնն են օրհնել Հայոց Եկեղեցու ավանդական երեք սրբություններով՝ Ս․ Խաչով, Ս․ Գեղարդով և Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով։

Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնը նախ օրհնում է Ս․ Խաչով, որի մեջ զետեղված է Հիսուս Քրիստոսի խաչափայտից մի մասունք։ Վերջին շրջանում Մյուռոնօրհնությունը կատարվում է այն խաչով, որը պատրաստվել է 1652 թ․՝ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի համար։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը օրհնում է աստվածամուխ Ս․ Գեղարդով։

Մյուռոնօրհնության սրբություններից վերջինը Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջն է։ Վեհափառ Հայրապետը տյառնագրում է Սրբալույս Մյուռոնը համաքրիստոնեական և Հայոց աշխարհի պահապան սրբի՝ Ս․ Գրիգոր Լուսավորչի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական գլխավոր սրբությունն է։

Ահա այս երեք սրբություններով է տյառնագրվում լուսափայլ և լուսաբուխ Ս․ Մյուռոնը, որով, ինչպես գրում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, դաշինքի ուխտ է հաստատվում Աստծու հետ։