Մալխաս Ամոյանն ու այլ մրցանակակիր ըմբիշներ զորակոչվել են բանակ (ՎԻԴԵՈ)

27.08.2024, 13:01
Ինչպես նշում է Ամոյանը, նա ցանկանում է իր պարտքը տալ Հայրենիքին, տեսնել զինվորներին ու ապրել նրանց կյանքով․ ՎԻԴԵՈ
Մալխաս Ամոյանն ու այլ մրցանակակիր ըմբիշներ զորակոչվել են բանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ ըմբիշները, աշխարհի և Եվրոպայի առաջնության մրցանակակիրները, որոնց թվում է նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը, զորակոչվել են բանակ։

Այս մասին տեսանյութ է հրապարակել Պաշտպանության նախարարությունը։

Պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվել 10 ըմբիշ, նրանք 2 տարի ծառայելու են մարզական վաշտում։

Ինչպես նշում է Ամոյանը, նա ցանկանում է իր պարտքը տալ Հայրենիքին, տեսնել զինվորներին ու ապրել նրանց կյանքով։

Ըմբիշները նշում են, որ իրենց համար մեծ պատիվ է կրել զինվորի համազգեստը և ծառայել Հայոց բանակում։

Մարզական վաշտում ծառայելու ընթացքում տիտղոսակիր տղաները պետք է ավելի բարելավեն ֆիզիկական կարողությունները, որպեսզի հասնեն նոր նվաճումների։

Ինչպես նշում է ԶՈւ ԳՇ ՖՊ և սպորտի ծառայության պետ, բանակի ֆիզպատրաստվածության պատասխանատու Արման Դավթյանը, յուրաքանչյուր մարզիկ 18 տարեկանում պետք է զորակոչվի, և եթե ունենա երկու տարի ընդմիջում, շատ դժվար է հետ վերադառնալ սպորտ։

«Ծառայության ընթացքում մենք ապահովում ենք նրանց մարզական նվաճումների պահպանումը և բարելավումը։ 2024թ․–ի նոյեմբերի 18–24 Հայաստանը հյուրընկալելու է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այս պարագայում մեր նորակոչիկները կկարողանան բարձր պահել մեր դրոշը Հայաստանում անցկացվող առաջնությանը», – նշում է Դավթյանը։