Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

04.12.2023, 18:10
Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը, հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սուրեն Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։ Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ», – նշել են միությունից։

Սուրեն Բաբայանը ծնվել է 1950թ․–ի սեպտեմբերի 18–ին։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1974-1975 թվականներին հանդես է եկել որպես դերասան Երևան հեռուստաթատրոնում։ 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսորա-սցենարական բարձրագույն դասընթացները (Նիկիտա Միխալկովի արվեստանոցը)։ 1980 թվականից՝ Հայֆիլմի ռեժիսոր։

Ֆիլմագրություն
1978 թվական - «Չեզոք իրավիճակ»
1980 թվական - «Արարման ութերորդ օրը» (Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թվական)
1982 թվական - «Սիրամարգի ճիչը» (Միքայել Դովլաթյանի հետ)
1986 թվական - «Ֆրուզե Դովլաթյան» (Միքայել Դովլաթյանի հետ)
1987 թվական - «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թվական, Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թվական),
1989 թվական - «Դեմքով դեպի պատը» (Միքայել Դովլաթյանի և Գ. Նիկոլաևի հետ)
1990 թվական - «Արյուն» (Գ. Նիկոլաևի հետ)
1993 թվական - «P.S.»
1996 թվական - «Գյումրի-ռեվյու»
2000 թվական - «Խենթ հրեշտակը» (Ա. Հովսեփյանի հետ)
2004 թվական - «Ժանո»
2009 թվական - «Մի նայիր հայելուն»։-0-