Կառավարությունը շուրջ 94 մլն դրամ կհատկացնի մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցման համար

15.12.2022, 20:58
Կառավարությունը շուրջ 94 մլն դրամ կհատկացնի մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցման համար
Կառավարությունը շուրջ 94 մլն դրամ կհատկացնի մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցման համար
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում և 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը:

Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի շարք որոշումներով, որի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ։

Ըստ հիմնավորման՝ հավաքագրման աշխատանքները 2022 թ. դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ, և 2022 թ. ամառային զորացրմամբ։

2022 թ. հուլիսի 31-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 16-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 364 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 93,974.6 հազար դրամ:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ գումար է հատկացրել սոցիալապես անապահով 6-ը սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումն ապահովելու համար:

Հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 17 սիրիահայ ուսանող: Նրանցից 11-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 20%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը: Սիրիահայ 6-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 20 %-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,101.0 հազար դրամ: Ընդ որում՝ ծրագրի համաձայն այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը ցածր է առավելագույն գնահատականի 62,5%-ից չեն ընդգրկվում ընթացիկ ուսումնական տարվա ծրագրում, իսկ այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը բարձր է առավելագույն գնահատականի 87,5%-ից, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս ընթացիկ ուսումնական տարում, մասնակի փոխհատուցումից (20%) բացի կստանան ևս 10%-ի չափով փոխհատուցում:

Կառավարության ընդունած որոշումներով, վերաբաշխումների միջոցով, մասնավորապես, 25,147.0 հազար դրամ նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման համար, 11,898.0 հազար դրամ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը:-0-