Կարանտին ՀՀ–ի ողջ տարածքում. հանրային միջոցառումների կազմակերպման ի՞նչ սահմանափակումներ են գործում
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը նախօրեին որոշում է հրապարակել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին։
Կարանտինը փոխարինում է արտակարգ դրությանը, որը սահմանվել էր մարտի 16–ից։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը։
Ներկայացնում ենք հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները կարանտինի ընթացքում։
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝
1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ
2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ
3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:
Սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Կարանտին արտակարգ դրության փոխարեն
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը գործել է մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը ներառյալ։ Համապատասխան օրենքների փաթեթում ԱԺ–ի կողմից կատարված լրացումներից հետո ՀՀ կառավարությունը Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարել է կարանտին մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը։
Կարանտինը մասնավորապես նախատեսում է երկիր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, ինքնամեկուսացման կանոններ, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ, այդ թվում` հանրային միջոցառումների, ուսումնական գործընթացի և տնտեսական գործունեության մասով։ Հայաստանի ողջ տարածքում պետք է կիրառվեն անհատական պաշտպանության միջոցներ, բնակության վայրից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում:–0–

