Ի՞նչ ծածկագրեր են պահված Հրապարակի ցայտաղբյուրի մեջ. քանդակագործ Նուռի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
18:46
14 Հունվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նկարիչ, քանդակագործ Նուռը «Նովոստի–Արմենիա» գործակալության Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Հանրապետության Հրապարակի ցայտաղբյուրում զետեղված ծածկագրերին։
Քանդակագործի խոսքով, «Յոթաղբյուր» ցայտաղբյուրի գլխամասերում դրված է 50 ծածկագիր։
«Ընդհանուր ցայտաղբյուրի հեղինակը Կնտեխցյանն է (ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյան, խմբ․)։ Ես վերևի հատվածի հեղինակն եմ։ Քանի որ մութ տարիներին՝ 90–ականներին, վերևի հատվածները գողացվել էին, հետո դրված էին շատ վատ երկաթից հատվածներ, որոնք լավ չէին աշխատում, «Երևան» ամսագրի նախաձեռնությամբ այդ ամենը նորովի վերականգնվեց, և ես ստեղծեցի վերևի հատվածները», – ասաց Նուռը։
Նա նշեց, որ այդ հատվածներում ծածկագրել է 50 ծածկագիր, քանի որ ջուրը, որպես ծածկագիր, նյութ, ունի ինֆորմացիա կլանող հատկություն։
«Ես ծածկագրեցի 50 բարեմաղթանք, որպեսզի դրանով ջուրը բարիացնեմ խմողի համար», – ասաց Նուռը՝ նշելով, որ 50 ծածկագրից միայն 5–ն է գաղտնազերծված։
«Մնացած 45–ի ես թողել եմ ապագա սերունդների գաղտնազերծման համար», – ասաց Նուռը։