Հայաստանը՝ տարածաշրջանի ամենաանվտանգ երկիր, Չարենցի գիրքը՝ տիեզերքում և 84 երկիր առանց վիզայի․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (հունվարի 6–ից 10–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին:
Եվ այսպես․․․․
Հունվարի 5–ի երեկոյան աշխարհասփյուռ հայությունը նշեց Սուրբծննդյան ճրագալույցը, իսկ հունվարի 6–ին՝ Սուրբ Ծնունդը։
Հայաստանը Եգիպտոսի, Իրանի, Չինաստանի, Հունաստանի և Ճապոնիայի հետ 6 հնագույն պետություններից մեկն է, որը մինչ օրս գոյություն ունի, փաստում են հետազոտության տվյալները։
IQ մակարդակով Հայաստանը 9-րդ տեղում է աշխարհի 127 երկրների շարքում (102,64 միավոր), ըստ IQ միջազգային ռեգիստրի, որը թարմացվել է 2025թ․–ի հունվարի 1–ին։
Հունվարի 5–ին ԱՄՆ–ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։ Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որը պատմում է նյույորքցի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու մասին, «Ոսկե գլոբուսի» հավակնորդներից էր։ Ֆիլմում հանդես եկող դերասան Վաչե Թովմասյանը Instagram–ում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել մրցանակաբաշխության կարմիր գորգից։
Պարզվում է՝ հայերենը Կիպրոսում ամենատարածված լեզուներից մեկն է՝ ըստ Կիպրոսի վիճակագրական ծառայության (CyStat) հրապարակած տվյալների։
Arton Capital ընկերությունը ներկայացրել է Global Passport Power Rank 2025 աշխարհի ամենաուժեղ անձնագրերի վարկանիշը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները 2025թ․–ին կարող են վիզայով կամ eVisa–ով ճամփորդել աշխարհի 84 երկիր։
Աշխարհի 35 լեզուներով թարգմանված Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքն ուղարկվել է տիեզերք։
Հայաստանը, 2025 թվականին Numbeo Safety Index-ի համաձայն, աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ 10-ում է՝ առաջ անցնելով Սինգապուրից և Ճապոնիայից։
2025 թ․–ի կեսերին Հայաստանում կհայտնվի նոր սուպերհամակարգիչ՝ հիմնված Nvidia լուծումների վրա։
Շուրջ 100 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում իրականացնել հայաստանյան նոր լեռնադահուկային մարզահամալիրում։ Ալնտեղ 3 ռեստորանային համալիր, 3 ճոպանուղի, վարձույթի 2 սրահ, արհեստական ձնագոյացման համակարգ, գիշերակացի համար շալեներ։ Օրեր անց կբացվի ևս մեկ ռեստորան և օլիմպիական ստանդարտներին համապատասխանող սահադաշտ։
«Լավ լուրեր»–ը «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում հրապարակվում են ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ համագործակցությամբ։