2025 թ․–ի կեսերին Հայաստանում կհայտնվի նոր սուպերհամակարգիչ՝ հիմնված Nvidia լուծումների վրա

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը բաղադրիչներ է գնել ամերիկյան Nvidia ընկերությունից՝ երկրում երկրորդ սուպերհամակարգիչը գործարկելու համար։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հաղորդում է Arka Telecom հեռահաղորդակցական պորտալը։
«ՀՀ կառավարությունը, սուպեր համակարգիչների, հատկապես արհեստական բանականության տարատեսակ GPU-ներով գերհամակարգչային կենտրոնների կառուցման ջատագով է, և բացի «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնից, շուտով կավելանա նաև երկրորդ գերհամակարգիչը։ NVIDIA-ից բավական մեծ չափի գնումներ ենք կատարել և արդեն 2025-ի կեսերից նաև հավելյալ մեկ գերհամակարգչային կենտրոն ենք ունենալու։ Մենք հոգ ենք տանելու, որպեսզի գերհամակարգչային կենտրոններում գեներացվեն նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ, գիտական նոր լուծումներ, որոնք, նախևառաջ, պետք է գան և ծառայեն մեր տնտեսության զարգացմանը»,- ասել է նա։
ախարարի խոսքով, երկրորդ գերհամակարգչային կենտրոնը նախնական պայմանավորվածությամբ գործարկվելու է Երևանի պետական համալսարանում: Նախարությունն արդեն իսկ գործարկման մի շարք կարևոր հայտեր է ստացել դրա կիրառական նշանակման իմաստով՝ տարբեր թեմաներով, տարբեր տեխնոլոգիաների մասով, և այս ուղղությամբ կա տեսանելի դինամիկա։