Հայաստանին տաք օդային հոսանքներ են մոտենում. Հիդրոմետից հայտնում են, թե երբ գարուն կգա

25.03.2022, 12:50
Հայաստանին տաք օդային հոսանքներ են մոտենում. Հիդրոմետից հայտնում են, թե երբ գարուն կգա
Հայաստանին տաք օդային հոսանքներ են մոտենում. Հիդրոմետից հայտնում են, թե երբ գարուն կգա
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։

Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։

Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։

«Ի ուրախություն բոլորիս, մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի մարտի 29-ից և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։ Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-