Հատուկ ոստիկանական օպերացիա Աջափնյակում. ապօրինի տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են (ՎԻԴԵՈ)

23.06.2021, 11:18
Հատուկ ոստիկանական օպերացիա Աջափնյակում. ապօրինի տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են.ՎԻԴԵՈ
Հատուկ ոստիկանական օպերացիա Աջափնյակում. ապօրինի տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

«Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում: 

Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները: 

Քաղաքապետարանից զգուշացնում են, որ հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու: 

Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից: 

Նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում գործում են կրիմինալ խմբավորումներ։ 40–50 հոգուց բաղկացած խմբավորումները մեկ գիշերում բազմաթիվ ապօրինի կրպակներ են տեղադրել առանց  քաղաքապետարանի թույլտվության։–0–