«Անվճար տրանսպորտային երթևեկության» ժամանակն ավարտվում է. Ավինյանը՝ սպասվող տուգանքների մասին
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Անվճար տրանսպորտային երթևեկության» ժամանակն ավարտվում է,վաղը ԱԺ-ում օրենսդրական փաթեթի քննարկում է ընթանալու, որի շրջանակում նախատեսվելու է տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար։
Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով. «Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքներ չլինեն, թե ինչու այսպես եղավ»։
«Մենք որոշ ժամանակ տեղեկատվական արշավներ կանցկացնենք, բայց ինչ-որ մի փուլից կիրականացվեն տուգանքներ՝ տրանսպորտային միջոցներից օգտվող և չվճարող քաղաքացիների հանդեպ»,-ասաց նա։
Քաղաքապետը նաև ասաց, որ տպավորված է պատասխանատվության բարձր մակարդակ ցուցաբերած քաղաքացիներից, որոնց գերակշիռ մեծամասնությունը իրականացնում է վճարումները։

