Անգրագետ օրենքի նախագիծ է, պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել դրա դեմ․ ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն՝ ընկերության ազգայնացման մասին

30.06.2025, 12:34
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն անդրադարձել է ընկերության պետականացման՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը
Անգրագետ օրենքի նախագիծ է, պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել դրա դեմ․ ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն՝ ընկերության ազգայնացման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է ընկերության պետականացման՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման ծրագիրը պատրաստ է, և շատ շուտով կսկսվի դրա իրականացման գործնական փուլը։ Վաղը ԱԺ–ն քննարկելու է այդ նախագիծը։ Վարչապետն ավելի վաղ սոցցանցերում գրել էր, որ գործընթացները կիրականացվեն ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

«Մի հարցազրույցում սխալվել եմ՝ ասելով, որ սա կիսագրագետ օրենքի նախագիծ է ։ Հիմա սխալս կուղղեմ։ Լինելով իրավաբան՝ ես սա համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ և անգամ պատրաստ եմ հիմնավորել իմ տված որակավորումը։ Ինչ վերաբերում է գործընթացը սկսելու փաստի առնչությամբ մեզ հետ կապ հաստատելուն, նշեմ, որ չի եղել այդպիսի բան ոչ մի հարթակով և ձևաչափով», – ասաց Ղազինյանը։

Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու իշխանությունները որևէ կերպ կապ չեն հաստատել և քննարկումների հարթակ չեն տեղափոխել նման քայլի գնալուց առաջ։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե մենք արդյոք պատրաստ էինք նման զարգացումների, ապա նշեմ, որ մենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել,-ասաց նա։

Ղազինյանի խոսքով, իրենք պատրաստվում են բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այդ գործընթացի դեմ։

«Եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար, բնականաբար, մենք դա հասկանում ենք, բայց արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերներից շատ վատ արձագանքներ ենք ստանում։ Ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում, իսկ ճիշտ լինելը դա մարդուն ուժեղացնում է մի քանի անգամ», – ընդգծեց նա։