ՀՀ ԶՈւ–ն կանխում է ամրացման նոր աշխատանքներ կատարելու ադրբեջանական փորձերը. ՊՆ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

14.09.2020, 15:35
Պն–ից հայտնում են, որ Ադրբեջանը փորձում է իրականացնել ամրացման նոր աշխատանքներ, ինչը կանխվում է ՀՀ Զինված ուժերի կողմից
ՀՀ ԶՈւ–ն կանխում է ամրացման նոր աշխատանքներ կատարելու ադրբեջանական փորձերը. ՊՆ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը փորձում է իրականացնել ամրացման նոր աշխատանքներ, ինչը կանխվում է ՀՀ Զինված ուժերի կողմից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հայկական զինված ուժերը կանխում են նման գործողությունները, միաժամանակ ձեռնարկում են իրավիճակի հետագա սրացման կանխմանն ուղղված միջոցառումներ», – նշեց նա։

Ստեփանյանը հերքեց նաև Ադրբեջանի ՊՆ–ի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրկին փորձում են սրել իրավիճակն առաջնագծում` խախտելով հրադադարի ռեժիմը Տավուշի ուղղությամբ, մասնավորապես գնդակոծելով Ալիբեյլի գյուղը։

«Հայկական զինված ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական որևէ գյուղի ուղղությամբ», – ասաց Ստեփանյանը։

Նա նաև բացառեց այն, որ Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվությունը կարող է կապված լինել այս օրերին անցկացվող հայ–ռուսական համատեղ զորավարժությունների հետ։

Այս օրերին Հայաստանում անցկացվող երկկողմ զորավարժությունների շրջանակում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողներն ու անօդաչու թռչող սարքերի հաշվարկները ճնշել ու ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային դրոնները։

Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 1,5 հազար զինծառայող, գործարկվել է մոտ 300 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ։–0–