ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանն ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր:
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը:–0–

