ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի—Արմենիա/. Նախօրեին Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին կարանտինի մեջ է, նշվում է Ղազախստանի կառավարության կայքում։
Նշվում է, որ Ղազախստանի առողջապահության նախարարության շտապօգնության ազգային համակարգող կենտրոնը նախօրեին Ուհանից հայրենիք է վերադարձրել 83 ղազախստանցու, ինչպես նաև Հայաստանի, Ղրղըզստանի և Բելառուսի մի քանի քաղաքացու (այդ երկրների իշխանությունների խնդրանքով)։
Չինաստանից Ղազախստան ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանի տարհանման մասին նախօրեին տեղեկացրել էր նաև ՀՀ ԱԳՆ–ն։
Загружается новость ... "Лево"
Առողջական վիճակի ստուգումից հետո տարհանված քաղաքացիների նկատմամբ սահմանվել է 14–օրյա կարանտին։ Նրանք գտնվում են Ղազախստանի բազմապրոֆիլային հիվանդանոցին կից հակաինֆեկցիոն կորպուսում։ Հիվանդանոցը տեղակայված է Ղազախստանի մայրաքաղաքից 7 կմ հեռավորության վրա։
Կլինիկան զինված է ինֆեկցիոն անվտանգության անհրաժեշտ տեխնոլոգիաներով, ախտորոշիչ, բուժական և ռեանիմացիոն ժամանակակից սարքավորումներով։
Տարհանված քաղաքացիները կանցնեն լրացուցիչ հետազոտություն, առաջին հերթին` կորոնավիրուսի թեստավորում։
Կարանտինի ընթացքում քաղաքացիների հետ կշփվի միայն բուժանձնակազմը, ով ունի վտանգավոր ինֆեկցիաների հետ աշխատելու փորձ։–0–