Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն:
«Կրկին ասում եմ՝ կամա թե ակամա, դա ուրիշ հարց է, բայց հարց է, որ պետք է նաև պատասխան ստանա: Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այս թեմայով, բայց և ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են: Ես ուզում եմ, որ այս ուղերձը հստակ լինի բոլորի համար, և սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից: Սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում», – ընդգծեց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ նրանք, ովքեր այս ուղերձներով հանդես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և «տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ»:
«Կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չկա, չի եղել և չի կարող լինել ընդհանրապես: Ասենք՝ ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի ու ցուցանակը կպցնի, ասի՝ մենք այսինչի կառավարությունն ենք: Կներե՛ք, բայց կրկին պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են, և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ Հայաստանի Հանրապետության կողմից», – նշեց Փաշինյանը։
Ֆրանսիական Le Figaro հրատարակությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դրական պատասխան է տվել այն հարցին, թե կա՞ արդյոք վտարանդի Արցախի պետություն և իշխանություն։
Նա ասել է, որ Երևանում աշխատում է այն շենքում, որտեղ տեղակայված են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները, խորհրդարանականները կարող են հավաքվել՝ քվեարկելու։–0–