Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է. ՀՀ վարչապետ

16.11.2021, 20:50
Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված
Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Այս մասին ԱԽ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին», – նշեց նա:

Սահմանին տիրող իրավիճակի մասին

ՊՆ–ի հաղորդմամբ, ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Բայց այդ, հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք։

Չհաստատված տվյալներով, Հայաստանը 15 զոհ ունի։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։–0–