ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան», հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ։
«Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ:
Այնուամենայնիվ, կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը: Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ», – նշել է վարչապետը։
«Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին», – ասել է Փաշինյանը։
«Երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին: Այս համատեքստում, շատ կարևոր է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով», – ասել է ՀՀ վարչապետը։
Նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում աշխատանք է տարվում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։
Փաշինյանը հույս է հայտնել մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների։
«Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային և ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով: Շատ կարևոր է նշել, որ մենք աջակցում ենք տրանսպորտային հաղորդակցության բացման այն սցենարները, որոնք կդառնան ոչ թե մեկուսացման և թշնամանքի, այլ խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ», – նշել է վարչապետը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում