Ադրբեջանում գտնվող հայ գերիներն առաջին անգամ կարողացել են տեսահաղորդագրություններ փոխանցել իրենց ընտանիքներին.ԿԽՄԿ

27.04.2021, 21:28
Ադրբեջանում գտնվող հայ գերիներն առաջին անգամ կարողացել են տեսահաղորդագրություններ փոխանցել իրենց ընտանիքներին
Ադրբեջանում գտնվող հայ գերիներն առաջին անգամ կարողացել են տեսահաղորդագրություններ փոխանցել իրենց ընտանիքներին.ԿԽՄԿ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։

Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հարազատների հետ կապի նման միջոցը կիրառվել է առաջին անգամ։

Ամատունու խոսքով, Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ։

Ամատունին նաև նշեց, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվել է այն անձանց, որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են և որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է:

«Տեսագրությունների միջոցով հաղորդագրություն ուղարկելը նոր ձևաչափ է, որը կարողացել են կիրառել կոմիտեի աշխատակիցները։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք կիրառել այդ միջոցները քանի դեռ մարդիկ գտնվում են անազատության մեջ։ Այս դեպքում հնարավորություն կա տեսնել հարազատին։ Նախատեսում ենք, որ հնարավորության դեպքում հարազատները ևս կկարողանան կիսվել նման տեսահաղորդագրություններով», – ասաց նա։–0–