ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը խորհրդարանում քվեարկությամբ ստացավ 79 «կողմ», 36 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:
Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել էին փոփոխություններ: Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվել են էական փոփոխութուններ. կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով:
Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:–0–