1-2 օրվա սպառման սնունդ է. ի՞նչ է ՀՀ–ն ուղարկում Արցախ

26.07.2023, 14:03
Հրապարակվել է պարենի և դեղորայքի մասով ամբողջական ցանկն ու ծավալը, որ ուղևորվեց դեպի Կոռնիձոր
1-2 օրվա սպառման սնունդ է. ի՞նչ է ՀՀ–ն ուղարկում Արցախ
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ ճշգրտվել են պարենի և դեղորայքի անհրաժեշտ տեսակները, կազմակերպվել են դրանց գնումը, պահեստավորումն ու առաքումը դեպի Կոռնիձոր: Այդ մասին «Լուրերի» հատուկ թողարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Նա նաև հրապարակել է պարենի և դեղորայքի մասով ամբողջական ցանկն ու ծավալը, որ ուղևորվեց դեպի Կոռնիձոր:

Ըստ այդմ՝ 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:

«Ինչպես տեսնում եք, սրանք ամենաանհրաժեշտ կենսական պարենի տեսակներն են: Ընդհանուր առմամբ, իրականում այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է: Իհարկե, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է նախարարի տեղակալը:

Նախարարի տեղակալը նաև հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ Կառավարությունը պատերազմից հետո 20-ից ավելի աջակցության միջոցառումներ է կազմակերպել՝ չհաշված տարեկան բյուջետային աջակցությունը, որ ամեն տարի տրամադրվում է Լեռնային Ղարաբաղին:

Աննա Ժամակոչյանը նաև տեղեկացրել է, որ բեռներն ուղեկցում են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արտգործնախարարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչները՝ անհրաժեշտության դեպքում ճանապարհին հանդիպած խնդիրները լուծելու նպատակով:

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Արցախի Հանրապետության կարիքների համար ՀՀ Առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի.

1. Հակամանրէային դեղեր
2. Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր
3. Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր
4. Հորմոններ
5. Անզգայացնող, ցավազրկող դեղեր
6. Ներարկման դեղեր
7. Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր
8. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
9. Հակավիրուսային
10. Հակահիստամինային
11. Հակասնկային
12. Հակահերպեսային
13. Հեպատոպրոտեկտորներ
14. Հակամիգրենային
15. Հակաուռուցքային
16. Ակնաբուժական
17. Ախտահանիչներ
18. Աղեստամոքսային
19. Միզամուղ
20. Հակաբորբոքային
21. Հակափսխեցուցիչ
22. Հոգեմետներ:–0–