Փաստաբան. Քոչարյանը ձեռնպահ է մնացել հայտարարություններից և հանգիստ է արձագանքել դատարանի որոշմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններ չի արել դատարանի որոշման հրապարակումից հետո։ Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ լույս շաբաթ գիշերը որոշեց կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Նա կալանավորվել է երկու ամսով», – ասաց Սահակյանը։
Միաժամանակ, նա հրաժարվեց ներկայացնել այլ մանրամասներ` հայտարարելով, որ պետք է պատրաստվի վաղը նախատեսված մամուլի ասուլիսին։
«Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել։ Նրա համար սպասելի էր դա։ Վճիռը կբողոքարկվի», – ասաց Սահակյանը։
Շաբաթ օրը ժամը 12:00-ին Էրեբունի պլազայի 9-րդ հարկում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում Քոչարյանի փաստաբանները կպատասխանեն բոլոր հարցերին` գործի հետ կապված:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–