Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է

05.04.2017, 12:00
Իշխանական կուլիսներում քննարկվում է նոր խորհրդարանի նախագահի և փոխնախագահի հարցը:
Իշխանական կուլիսներում թիվ 1 թեման ԱԺ նախագահի, փոխնախագահի հարցն է
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանական կուլիսներում քննարկվում է նոր խորհրդարանի նախագահի և փոխնախագահի հարցը, գրում է «Հրապարակը»։

Քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ-ին 44 հազար 255 ձայն բերած Կարեն Կարապետյանն է (ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը)։

«Այս դեպքում կունենանք «ԿԿ»-ների կառավարություն՝ վարչապետ և ԱԺ նախագահ։ Սակայն հնարավոր է Կարապետյանը չցանկանա դառնել ԱԺ նախագահ, նկրտումներ ունի ընտրություններում քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, բայց հավանական է՝ նա զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը», – նշում են հոդվածի հեղինակները։

ԱԺ փոխնախագահներից մեկը կին պետք է լինի, ՀՀԿ-ում այս հարցում ևս չեն կողմնորոշվել, խոսվում է, որ հնարավոր է պոստը տան կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ կին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը շատ անփորձ է, գրում է թերթը։

Երրորդ փոխնախագահը կլինի ընդդիմությունից, ըստ ամենայնի՝ Իշխան Զաքարյանը («Ծառուկյան» դաշինք)։–0–