ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Մայր» որքան քնքշություն ու տոկունություն կա այս մեկ բառում, «մայր» կյանքի միակ հանգրվան, որին կարող ես փարվել թե տխուր, թե ուրախ օրերին։ Հայ ընտանիքներում մայրը կարծես մի սուրբ էակ լինի, նրան միշտ վերաբերվում են հարգանքով ու մեծ սիրով։ Հայ բանաստեղծները ևս անթիվ ու անհամար ստեղծագործություններ են նվիրել մոր կերպարին։
Մարտի 8–ին ընդառաջ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ընտրել է հայ մեծանուն բանաստեղծների գոհարներից մի քանիսը, որոնք նվիրված են մայրիկին։
Սևակ, Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Չարենց, Մորս Համար Գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Սիլվա Կապուտիկյան, Մայրիկիս
Վա՜ղ թառամեց սիրուդ գարունը, մա՛յր իմ,
Անփույթ մահը սերդ տարա՜վ, շու՛տ տարավ,
Ու միայն ե՜ս մնացի մտերիմ,
Որպես կորած սիրո մի հուշ, հին մի ցավ:
Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ
Օրորոցիս վրա թեքված՝ ծերացա՜վ.
Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ
Աղբյուր լինի քո ճյուղերին չորացած...
Ավետիք Իսահակյան, Մայրիկիս
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Հովհաննես Շիրազ, Մայրս
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս։
Համո Սահյան
Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ: