Երկուշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունները
16.08.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Երկուշաբթի առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և 16 զինծառայող էր տեղափոխում։ Վթարի հետևանքով տուժել են բոլոր 16 զինծառայողները, ովքեր տարբեր հիվանդանոցներից տեղափոխվել են Զինվորական հոսպիտալ։ Ավելի ուշ, Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը հայտնել է, որ տուժած զինվորներից չորսը ոտքերի ու կոնքի կոտրվածքներ են ստացել, մյուսները՝ սալջարդեր։ Մուրացանի զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, գնդապետ Գևորգ Ոսկանյանն իր հերթին նշել է, որ զինվորներից երեքը ծանր կոտրվածքներ են ստացել:
- ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ ՀՀ քաղաքացու կողմից հայ–ադրբեջանական սահմանը հատելու հարցով։
- «Սասնա ծռեր» խմբի անդամներ, ներկայումս կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը։
- Հունահռոմեական ոճի ըմբիշ, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պարտություն կրեց Ռիոյի Օլիմպիադայի առաջին գոտեմարտում։ Բացի այդ, աթլետներ Դիանա Խուբեսերյանը և Գայանե Չիլոյանը 200 մետր վազք մարզաձևում չկարողացան հաղթահարել որակավորման փուլը և դուրս մնացին հետագա պայքարից: Տղամարդկանց եռացատկում հանդես եկող Լևոն Աղասյանը նույնպես չհաղթահարեց որակավորման փուլը: –0–