ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ատոմակայանից խոշոր չափի գումար հափշտակելու գործով։
Ինչպես հայտնում է դատական տեղեկատվության համակարգը, Գագիկ Ռաֆայելի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն և, համաձայն ընկերության կանոնադրության, լինելով դրա գույքի, այդ թվում` ֆինանսական միջոցների տնօրինող, ընկերության անունից գործարքներ և պայմանագրեր կնքող անձ, միաժամանակ օժտված լինելով հրամաններ և հրահանգներ արձակելու, ինչպես նաև կատարման համար պարտադիր ցուցումներ տալու և դրանց իրագործումը վերահսկելու լիազորությամբ, ղեկավարելով կազմակերպված խումբը և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնական դիրքն օգտագործելով` 2010-2014թ.թ.ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 759.221.500 ՀՀ դրամ, իսկ 2008-2013թ.թ. ժամանակահատվածում`24.364.500 ՀՀ դրամ, առանձնապես խոշոր չափերով գումար:
Դատարանն ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման։
Առաջին ատյանի դատարանը, սակայն, որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Միաժամանակ, Ռուբիկ Լուկաշինի Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն և ի պաշտոնե` մատակարարման ոլորտի պատասխանատու ծառայող, հակված լինելով իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելուն, գործելով կազմակերպված խմբի կազմում և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնական դիրքն օգտագործելով` 2010-2014թ.թ.ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 759.221.500 ՀՀ դրամ գումար: Ռուբիկ Մովսեսյանը դատապարտվել է 4 տարի 1 ամիս 7 օրվա ազատազրկման, նրա պատիժը նույնպես պայմանականորեն չի կիրառվել. դատարանը սահմանել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։
Միաժամանակ, Էդիկ Անդրանիկի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի վերանորոգման նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ և ատոմակայանի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով` գնումների գործընթացներն իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար` գործելով կազմակերպված խմբի անդամների հետ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով` վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 751.790.800 ՀՀ դրամ գումար:
Ղազարյանը նույնպես մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման: Դատարանը որոշել է նրա պատիժն էլ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Բոլոր մեղադրյալները ստորագրությամբ ազատ են արձակվել:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում